Հոկտեմբերի 6-ը տեղական նշանակության սենսացիաների օր էր՝ հերիք չէ Սյունիքը մարզպետ կորցրեց, ՀՀԿ-ն էլ Վանաձորը կորցրեց: «Հայկական վերածնունդը» իր նախապայմաններից հրաժարվեց և որոշեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: ՀՎԿ-ն հայտարարեց, որ «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության համաձայնագիր կկնքվի:
ՀՎԿ կենտրոնական գրասենյակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր:
Հետո Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք՝ որպես քաղաքապետի թեկնածու, հանդիպել ենք «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարի հետ։ Ծանոթացել ենք, զրուցել ենք, և իրենք էլ ցանկացել են իմանալ, թե ում թեկնածությունն են պաշտպանում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՎԿ-ն կպաշտպանի Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Մինչև դա էլ մենք տեղական մակարդակով համագործակցության մասին հուշագիր կստորագրենք։ ԲՀԿ-ին նույնպես առաջարկություն արվել է, և 3 ուժերով նախատեսում ենք նման բան ստորագրել»:
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը վերահաստատեց, որ կուսակցությունը Վանաձորում աջակցելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը Վանաձորի քաղաքապետի պաշտոնում։ ԲՀԿ-ն, հավատարիմ մնալով իր խոստմանը, նպաստում է Վանաձորում միասնական ընդդիմության հաղթանակին։
Նույն օրը ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ամփոփել են հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և, ընդհանուր առմամբ, դրական են գնահատել ՀՀԿ-ի արդյունքները: «Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անկուսակցական թեկնածուները, որոնք ընտրվել են համայնքի ղեկավար, ցանկություն են հայտնել անդամակցել ՀՀԿ-ին, համայնքների շուրջ 72 %-ի ներկայացուցիչները ՀՀԿ անդամներ են: ՀՀԿ-ն պահպանում է առաջատարի իր դիրքերը և շարունակում է մնալ առանցքային և կենսունակ քաղաքական ուժը»,-ասաց նա: Շարմազանովը ընդունեց՝ եղել են նաև բացթողումներ, որոնցից դասեր քաղելով՝ կմասնակցեն 2017-ի ԱԺ ընտրություններին:
Վանաձորում ՀՀԿ-ի ընդդիմություն դառնալու հեռանկարից Շարմազանովը համարյա զարմացած չէր. «Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում, թե ում հետ կոալիցիա կազմել և ում ձայնը տալ, կամ չտալ, դա իրենց որոշելիքն է, կլինի այնպես, ինչպես կընտրեն 33 ավագանիները»,-ասաց նա և շեշտեց, որ Վանաձորում օր առաջ է անհրաժեշտ ձևավորել քաղաքային կենսունակ իշխանություն, որը «չի սպասարկի այս կամ այն ուժի շահերը, այլ կլինի ժողովրդի մատից փուշ հանող իշխանություն»:
Երբ ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն կոնկրետ Վանաձորում համագործակցության հուշագիր կնքեն և ավագանին Քրիստ Մարուքյանին ընտրի քաղաքապետ, պատմությունը կսկսվի այդ պահից՝ ինչպե՞ս կստացվեն քաղաքապետի ու ընդդիմադիր ՀՀԿ-ականների հարաբերությունները, ընդդիմադիր քաղաքապետի ու մարզպետի փոխհարաբերությունները: Հանրապետության երրորդ քաղաքի քաղաքապետի և կենտրոնական իշխանության հարաբերությունները: Վանաձորը պրոբլեմների քաղաք է և գլխավոր խնդիրը արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկումն է:
Կկարողանա՞ նոր քաղաքապետը աշխատատեղեր ստեղծել, վերջապես փողոցները կարգի բերել, ու տասնյակ հարցեր:
Վանաձորը կարող է դառնալ մոդել, որտեղ ՀՀԿ-ն իրեն առաջին անգամ փորձարկելու է ընդդիմության դերում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Գործնականում ՏԻՄ ընտրությունների վրա ազդեցին նախորդ հանրաքվեն և ապագա խորհրդարանական ընտրությունները: Նախընտրական տարում կուսակցություններն ամենից շատ մտածում են իրենց իմիջի և ընտրողների հետ հարաբերությունների մասին ու դա է դառնում նրանց քաղաքական շահը:
Երեկվա մեջ ևս մեկ սենսացիա կարող էր հայտարարվել, բայց պաշտոնապես չհնչեց՝ «չարիք» Գագիկ Ծառուկյանն է վերադառնում քաղաքական կրկես: Տարօրինակ չէ՞, որ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի հետ բուֆեր համարվող Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո է Գագիկ Ծառուկյանը վերադառնում: Թերևս Հովիկ Աբրահամյանը եղել է ոչ թե բուֆեր, այլ՝ բաժանող, որ «միավորումը» հիմա է նշանակված: Եվ փաստը, որ ԲՀԿ-ն Վանաձորում իր ձայները տվեց ոչ թե ՀՀԿ-ին, այլ ԼՀԿ-ին, ուրվագծում է Գագիկ Ծառուկյանի վերադարձը «համաժողովրդական ընդդիմության» շրջանակում: Այս անգամ՝ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի: Հիմա ո՞ւմ քաղաքագիտական վերլուծությունն էր ճիշտ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի: Մեջտեղում Մարուքյանների բախտը բերեց առանձին վերցրած քաղաքում: